Մեր այցը Տավուշ սկսել ենք հունվարի 22-ի առավոտյան Դիլիջանի միջազգային դպրոցից, որտեղ հանդիպեցինք հոլանդացի ուսանողների հետ։ Այնուհետև մասնակցեցինք մի հետաքրքիր ծրագրի, որը Հայաստանի հյուսիսային մարզերում իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը։ Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդների իրազեկման բարձրացումն է՝ հատկապես ընտրական գործընթացներին մասնակցության կարևորության շուրջ, ընտրողների մասնակցության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ճիշտ տեղեկատվությունը սխալից տարբերելու հմտությունների զարգացումը։
Հանդիպել ենք Դիլիջանի քաղաքապետի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին այցելեցինք Իջևան՝ Աչաջուր գյուղում գտնվող ջերմոցային տնտեսություն, որտեղ լայնորեն կիրառվում են նիդեռլանդական տեխնոլոգիաներ՝ սարքավորումներ, սերմեր և նորարարական լուծումներ։ Այստեղ արդեն ձևավորվել է բավականին խոր համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում։
Այցի ընթացքում եղանք նաև հայ-ադրբեջանական սահմանի Բերքաբերի սահմանային հատվածում։ Ես տպավորված էի տեսնելով, թե ինչպես է մարդկանց կյանքը փոխվել սահմանազատման և սահմանագծման գործընթացներից հետո։ Գյուղը կրկին սկսել էր շնչել, ապրել և զարգանալ։
Այսօր՝ հունվարի 23-ին, ևս ունեցանք երկու կարևոր հանդիպում երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ ծավալվեցին բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ։ Այնուհետև հանդիպեցինք Տավուշի մարզպետի, Իջևանի քաղաքապետի հետ, որի ընթացքում վերահաստատվեց և որոշվեց շարունակել ու խորացնել համագործակցությունը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից է։
Այցը եզրափակվեց կարևոր ֆիլմի դիտմամբ և ընդհանուր ամփոփմամբ։ Ես դրական եմ գնահատում այս երկու օրերը և ոգևորված եմ տեսնելով մարդկանց ակտիվությունը, նրանց հարցեր տալու պատրաստակամությունը և բաց երկխոսությունը։ Դա նշանակում է, որ մարդիկ իրենց հետ ինչ-որ կարևոր բան են տանում։ Սա հենց այն ամենակարևորն էր, ինչ ես տեսա այս երկու օրերի ընթացքում։






