Տարեցների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին՝ ծերացող բնակչության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ընտանիքներին, համայնքային խմբերին և շահագրգիռ կողմերին մոբիլիզացնելու համար՝ տարեց մարդկանց առջև ծառացած դժվարությունները լուծելու համար:
2025թ.-ի. թեման է` «Տարեցները խթանում են գործողությունները տեղական և գլոբալ մակարդակներում. մեր ձգտումները, մեր բարեկեցությունը և մեր իրավունքները»:
Թեման ընդգծում է տարեցների փոխակերպող դերը կենսունակ և արդար հասարակություն կառուցելու գործում: Տարեցները միայն պասիվ շահառուներ չեն, այլև առաջընթացի շարժիչ ուժն են՝ կիսելով իրենց գիտելիքներն ու փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահության ծառայությունների հավասար իրավունքը, ֆինանսական բարեկեցությունը, հասարակության կայունությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է համառոտ տեղեկանք աշխարհում և Հայաստանում ծերացման և տարեցների վերաբերյալ:
- Աշխարհի բոլոր տարածաշրջաններում բնակչությունը ծերանում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում և ունենում են ավելի քիչ երեխաներ, ինչը հանգեցնում է ժողովրդագրական խորը փոփոխությունների:
- 2024-2025 թթ. 65 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է 23 միլիոնով:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2025-2050 թվականներին համաշխարհային բնակչությանը կավելանա ևս 721 միլիոն տարեց:
- 2025-2050 թվականներին միջին եկամուտ ունեցող երկրներում կլինի տարեցների թվի ամենամեծ աճը՝ մոտ 606 միլիոն մարդ:
- Ցածր եկամուտ ունեցող երկրներում կդիտվի տարեց մարդկանց ամենամեծ հարաբերական աճը՝ մոտ 162 տոկոսով:
- 1974-2024 թվականներին 65+ տարեկան մարդկանց համաշխարհային մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ 5.5 տոկոսից հասնելով 10.2 տոկոսի:
- ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2024-2074 թվականներին այս համամասնությունը կրկին կկրկնապատկվի՝ հասնելով 20.7 տոկոսի: Նույն ժամանակահատվածում 80 և բարձր տարիքի մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, ավելի քան կքառապատկվի:
- 2020 թվականին 50 և բարձր տարիքի մարդիկ կազմել են համաշխարհային բնակչության 24%-ը և ապահովել են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 34%-ը: Նրանց ներդրումը մինչև 2050 թվականը, ըստ կանխատեսումների, կաճի՝ հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 39%-ի:
- 50 և բարձր տարիքի մարդիկ 2020 թվականին արել են համաշխարհային սպառողական ծախսերի կեսը (35 տրիլիոն դոլար), իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կհասնի գրեթե 60%-ի (96 տրիլիոն դոլարի):
Ծերացումը Հայաստանում
- Կյանքի սպասվող միջին տևողությունը կազմում է 77.7 տարի, տղամարդկանց համար՝ 74.1, կանանց համար՝ 81 (ՀՎԿ, 2023)։
- Տարեցների կախյալության գործակիցը՝ 15-64 տարեկանների հարաբերակցությունը 65+ տարիքի բնակչությանը, 2050 թվականին կլինի մոտ 3։1 (1990-ին՝ 11։1, 2024-ին՝ 5։1)։
- Ծերացման արդյունքում հիմնավոր փոփոխության կենթարկվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը՝ այսպես կոչված բնակչության բուրգը։






