Վերջին օրերին հանրապետության տարածքներում բռնկված հրդեհները լուրջ մտահոգություններ են առաջացրել բնակչության շրջանում․ Տավուշի մարզում նոյեմբերի 22-ից իրավիճակն արտակարգ է, մարզի 4 կետերում խոշոր հրդեհներ են։ Նոյեմբերի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն՝ կան մարված և շարունակվող հրդեհներ։
Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ ու բուսածածկ հատվածներում։ Տարածքում արձանագրվել են նաև ծառերի ջերմահարումներ։ Հրշեջ-փրկարարների և արձագանքող այլ ուժերի կողմից կանխվել է հրդեհի հնարավոր տարածումը։
Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով այս օրերին ՊՆ ուղղաթիռով իրականացվել բազմաթիվ թռիչքներ են իրականացվել։
Այս արտակարգ օրերին կարևոր է գիտակցել, թե որքան կարևոր են գիտելիքն ու իմացությունը, հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Հիշե՛ք, անտառն ազգային անվտանգության՝ բնապահպանական, տնտեսական, պարենային, էներգետիկ, սոցիալական և կենսանվտագության, աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանման, հանրային առողջության, երկրի կայուն զարգացման, նաև՝ քաղաքացիական պաշտպանության, կենսական բաղադրիչն է։





