Շարունակում ենք ներկայացնել Իջեւանի ներհամայնքային տրանսպորտի աշխատանքի բաարելավմանն ուղղված արշավի արդյունքները:
Անցած չորս ամիսների ընթացքում ՔԵԿ-ը իրականացրել է ներհամայնքային տրանսպորտի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի գնահատում, ծառայությունների որակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն, իրականացվել է նաեւ հանրային քննարկում՝ համայնքային իշխանությունների, ՀԿ-ների, կրթական հաստատությունների եւ երիտասարդների մասնակցությամբ՝ գրանցված արդյունքները ներկայացնելու եւ լուծման ուղիներ քարտեզագրելու նպատակով:
Զարգացնելով արշավի շրջանակներում իրականացվող գործողությունները՝ այսօր ՔԵԿ-ը հանդիպում ունեցավ Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի եւ համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ՝ Էդգար Ասլանյանի հետ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի որակի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթը ներկայացնելու նպատակով, որը իր մեջ ներառում է.
-Հանրային տրանսպորտի ժամային գրաֆիկի վերանայում:
-Վարորդների հետ կնքվելիք պայմանագրերում վարքագծի կանոնների ներառում:
-Տրանսպորտային միջոցների բարելավում, այն է՝ փոխադրամիջոցի վրա երթուղին ներկայացնող դիմային եւ կողային երկլեզու ցուցանակների, գնի ու վարորդի վարքագծի կանոնների վերաբերյալ տեղեկատվության տեղադրում:
Նշենք, որ վարքագծի կանոնների մշակման աշխատանքը ստանձնել էր ՔԵԿ-ը Իջեւան համայնքում գործող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ Իջեւան Ինֆոտուն, Նորարարական Հաբ, Հանուն Իրավահավասարության իրավապաշտպան ՀԿ: Հանդիպման ընթացքում ՀԿ-ները բարձրաձայնեցին նաեւ վարորդների համար առաջին բուժօգնության, վարքագծի կանոնները ներկայացնող հատուկ դասընթացներ անց կացնելու պատրաստականության մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպման մասին՝ կատարված առաջարկությունների իրականացման ընթացքը քննարկելու եւ հետագա անելիքները հստաեցնելու նպատակով:
Շնորհակալություն ենք հայտնում Իջեւանի համայնքապետարանին եւ մեր գործընկեր ՀԿ-ներին համագործակցության, առաջարկությունների շուրջ արդյունավետ քննարկում ունենալու համար: