Իջևանն իր անվանը համահունչ՝ միշտ օթևան է եղել քաղաքով անցնող ճամփորդների համար։ Վերջին տարիներին քաղաքը նաև բնակության զգացողություն է տվել 2023 թվականի Ղարաբաղյան հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված և այստեղ հաստատված բազմաթիվ ընտանիքների։ 19-ամյա Ալեքսի՝ Իջևանին կապող ճանապարհը սկսվել է հենց այդ ժամանակ, երբ հազարավոր արցախցիների նման, նա ևս ստիպված է եղել լքել տունը և անորոշության մեջ քայլել առաջ։
«2023 թվականին, երբ սկսվեց պատերազմը, մենք ստիպված եղանք, հանգամանքներից ելնելով, լքել Արցախը, և առաջին անգամ ընտանիքով եկանք Իջևան։ Ժամանակի ընթացքում մեր ընտանիքի անդամները տեղափոխվեցին Աբովյան՝ աշխատանքի պատճառով, իսկ ես, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում շատ սիրեցի Իջևանը՝ իր բարի, անմիջական ու օգնող մարդկանցով, որոշեցի, որ իմ կյանքի նոր էջը սկսեմ հենց այստեղ և զբաղվեմ իմ ամենասիրելի գործով՝ երգով։ Մարդկանց մեջ շատ եմ գնահատում նրանց հոգատարությունը․ նրանք կարողանում են մտնել քո դրության մեջ։ Մեր Իջևանում ապրող մարդիկ իսկապես շատ բարի են», — ասում է Ալեքսը։
Ալեքսը որոշ ժամանակ անց արդեն հարմարվել է նոր միջավայրին։ Իջևանի և Արցախի բարբառների միջև առկա ընդհանրությունները նրան հնարավորություն են տվել արագ յուրացնել տեղական խոսքը, իսկ մարդկանց վերաբերմունքը՝ ավելի հեշտ ինտեգրվել քաղաքային կյանքին։
«Իջևանի բարբառը շատ հեշտ եմ սովորել․ ընդամենը 2-3 օրում արդեն լիովին տիրապետում էի։ Կարևորն այն է, որ եթե սիրում ես այդ քաղաքը և մարդկանց, բարբառն էլ հեշտ է սովորել։ «Քիմ եմ, կյալիս եմ», «Կյալ դեմ, քյալ դեմ», շատ արտահայտություններ կան, որ նման են մեր Արցախի բարբառին։ «Բրախի» բառը հատկապես շատ եմ սիրում։ Ամեն օր, երբ արթնանում ենք, մի նոր դժվարություն է լինում, որը պետք է հաղթահարես։ Իմ կարծիքով՝ ճիշտ է դժվարությունները հաղթահարել նաև միայնակ, որպեսզի իսկապես զգաս՝ ինչ է դժվարությունը։ Այդպես ավելի ես հասկանում դրա արժեքն ու կարևորությունը», — կիսվում է 19-ամյա երիտասարդը։
Ալեքսը սովորում է քոլեջում, աշխատում և շարունակում զբաղվել երաժշտությամբ։ Երգը նրա համար պարզապես հոբբի չէ․ նա կատարում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ փորձելով յուրաքանչյուրում արտահայտել իր զգացողությունները և փորձառությունը։
«Իմ երազանքն է լինել բեմում, և վերջ։ Ես ինձ միայն այնտեղ եմ տեսնում։ Երգում եմ այնպիսի երգեր, որոնց վստահ եմ, որ մարդիկ կսիրեն և ուշադրությամբ կլսեն իմ կատարումը։ Շատ կուզեմ ունենալ հովանավոր, որը կօգնի ինձ առաջ գնալ։ Երգը դեռ փոքրուց եմ զգացել որպես իմ ճանապարհը․ այդ տարիքից ունեի նպատակ՝ իմ երգով առաջ գնալ ու զարգանալ։ Իմը մեծ բեմերն են, որոնց մասին միշտ երազել եմ։ Քանի որ այժմ աշխատում եմ իմ նպատակի ուղղությամբ, վստահ եմ, որ մի օր անպայման կհասնեմ դրան»։





