Միացեք առաջիկա հանգստյան օրերին Իջեւանում կայանալիք «EU4Culture» ծրագրի ցանցային փառատոնին։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը 2024թվականի սեպտեմբերի 28-30-ին Իջեւան համայնքում կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ՝ Հետքեր» ցանցային փառատոնը։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է «EU4Culture» քառամյա ծրագրի ավարտը:
Փառատոնը ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի մարզային բնակավայրերի մշակութային և ստեղծարարության ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական և միջազգային ծրագրերը կներկայացնեն EU4Culture ծրագրի շահառուների, Հայաստանի, ինչպես նաև Վրաստանից հրավիրված արվեստագետների գեղարվեստական ստեղծագործություններն ու կատարումները:
Փառատոնի նպատակն է համախմբել Իջևանը և հարակից 18 համայնքները՝ ցուցատախտակների տեղադրման միջոցով՝ որպես հաղորդակցության, մշակութային արտահայտման, գիտելիքի փոխանցման և մշակութային ինքնության միջոց: Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենան կավից պատրաստված ցուցատախտակների բացումներ՝ ուղեկցվող Իջևան, Չարենցավան և Սևան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով: Այս ցուցատախտակները ավելին են, քան զուտ ցուցանակներ. դրանք գեղարվեստական արտահայտություններ են, որոնք պատմում են մարդկանց և նրանց բնակավայրերի պատմությունները:
Փառատոնի միջազգային ծրագիրը նույնպես կապված է տարածքի բնության, պատմության և մշակութային ժառանգության հետ: Միջոցառումները տեղի կունենան ամեն երեկո, Իջևանի հանրային վայրերում։ Փառատոնի միջազգային ծրագրին կմասնակցեն չորս միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներ Վրաստանից և Հայաստանից: Տարբեր մեդիումներով (ձայնային արվեստ, կատարողական արվեստ, նոր մեդիա և ֆիլմերի ցուցադրություն) արվեստագետների այս միջամտությունները (ստեղծագործություններ կամ ներկայացումները) թողնում են հետքեր և նշաններ, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տեղանքի վերաիմաստավորման համար:
Փառատոնի ընթացքում նաև կանցկացվի կլոր սեղան-քննարկում, որտեղ տեղական և միջազգային արվեստագետները կկիսվեն «Արվեստի ապագան համագործակցության մեջ է» թեմայի շուրջ իրենց մտքերով։
Լրացուցիչ տեղեկություններ․
7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:
EU4Culture-ի աջակցությամբ Իջևան քաղաքը մշակել և իրականացնում է Մշակութային ռազմավարություն: Իջևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է տեղական մշակութային և ստեղծարար ոլորտներին հետ՝ արդյունավետ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար, և EU4Culture փառատոնը նշում է համայնքի այդ ձեռքբերումները: Փառատոնին մասնակցում են նաև ծրագրի մյուս երկու շահառու համայնքները՝ Սևանը և Չարենցավանը, որոնք ներկայացված են իրենց գեղարվեստական խմբերով։
EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից՝ Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Փառատոնի բոլոր միջոցառումները հանրային են և անվճար: Փառատոնի ծրագրին մանրամասն ծանոթացեք https://ica.am/hy/ijevanfestival էջում։
Ժամանակացույցի/ծրագրի վերաբերյալ բոլոր տեղեկությունները հասանելի կլինեն փառատոնի ֆեյսբուքյան էջում: