Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Դեռեւս չորրորդ դարից հիշատակվող Տավուշի մարզի Կիրանց (Կունեն) գյուղի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։
Եկեղեցին գործել է մինչեւ 1930 ականների կեսերը: Որոշում էր կայացվել ամբողջովին քանդել եկեղեցու շենքը, բայց գյուղի այն ժամանակվա ղեկավար Աբգար Նազարյանը համոզում է պահպանել շենքը եւ այն վերածել ցորենի պահեստի։
Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության հետևանքով որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։