Մեկնարկել է Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և վերակենդանացման նախագիծը.
Այգու առաջարկվող նախագիծը ընդհանուր առմամբ դասական է` ճարտարապետական կառուցվածքներով, կոմպոզիցիայով, մանրախճային արահետներով և որոշ այլ լուծումներով։ Այն միաժամանակ ազատ նախագիծ է, որտեղ միավորված են ժամանցի տարբեր հատվածներ՝ մեկ ամբողջության մեջ: Այգու հիմնանորոգման նախագծի հիմքում դրվել է ոչ միայն հանգստի ու զբոսանքի համար գոյություն ունեցող տարածքի վերանորոգումը, այլև ամեն տարիքի և կարողությունների մարդկանց համար հասանելի, անվտանգ, հարմարավետ, կանաչապատ ու խնամված հանրային տարածք ստեղծելը:
Այգում տեղ են հատկացրել սպորտի և խաղերի համար նախատեսվախ տարածքներ՝ տարբեր տարիքային խմբերի համար: Այգին և հարակից հանրային տարածքը հավակնում են լինել ոչ միայն Նոյեմբերյան քաղաքի, այլև խոշորացված համայնքի 19 բնակավայրերի բնակիչների համար սիրելի վայր: Նոյեմբերյանի դիրքը` միջպետական ճանապարհով անցնելը, ինչպես նաև խոշորացված համայնքի կենտրոն լինելը հնարավորություն են տալիս տարածքի վերակառուցմամբ աշխուժացնել համայնքը:
Այգու բարեկարգման թեմայով համայնքում տեղի է ունեցել նաև հանրային լսում՝ վերհանելով բնակիչները տեսակետները: Նախագիծը իրականացվում է «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի, «Ապրելու» հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի միջև կնքված եռակողմ հուշագրի շրջանակում: