Սահմանային զորամասերից մեկում օրը սովորական չէր. զինվորներին այցելել էին սիրված ու սպասված հյուրեր՝ երգիչ Արսեն Սաֆարյանը ու նրա եղբայրը՝ երգահան Արթուր Սաֆարյանը։
Հյուրերին ուղեկցում է ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Տիգրան Հակոբյանը, նա եղբայրներին ներկայացնում է զինվորների առօրյան, ծանոթացնում զորամասի պայմաններին, վերջին տարիների ձեռքբերումներին։ Այնուհետև հյուրերը հանդիպում են զինվորների հետ. սպաների փոխարեն լսարան են մտնում բեմի արտիստները: Անկեղծ զրույց, անմիջական շփում, ջերմ հիշողություններ… Զինվորները պատմում են բանակային առօրյայի, զինծառայության առանձնահատկությունների մասին, Սաֆարյանները վերհիշում են իրենց զինվորական տարիները։
– Այսօր բանակն ավելի արդիական է, զարգացած, հարմարավետ, բարեկեցիկ: Երբ մենք էինք ծառայում, սպաները առաջնահերթությունը տալիս էին զինվորների ֆիզիկական պատրաստությանը։ Բնականաբար, հեշտ չէր, բայց գիտակցում էինք, որ կոփվում-ուժեղանում ենք Հայրենիքը պաշտպանելու համար: Հանուն Հայրենիքի յուրաքանչյուր զրկանք իմաստավորվում էր։ Եվ ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ծառայի հենց այս մղումով,- Արսեն Սաֆարյանը դիմում է զինվորներին։ Պարզվում է, որ նա տպավորվել է զինվորների կերպարով՝ նրանց խոսքով, դատողություններով, մտորումներով, ու համոզված է.
– Հայրենիքի պաշտպանությունն ու երկրի խաղաղությունը նաև զինվորի ոգուց են ծնվում: Ես առանց տատանվելու իմ կյանքն ու ապագան կվստահեմ մեր զինվորներին:
– Մեր զինվորներն ամենալավն են: Պետք է ամեն ինչ անենք, որ նրանք զգան երկրի ու ժողովրդի հզոր շնչառությունն իրենց թիկունքին, մեր հոգու ջերմությունը, մեր սրտի երախտագիտությունը,- հավելում է Արթուր Սաֆարյանը։
Զրույցը շարունակվում է հանգստի ժամին։ Զինվորները արտիստներին պատմում են բանակային դիրքերի ու սահմանային հերթապահության մասին:
– Ծառայությունից հետո դժվարությունների մասին չեք հիշելու, ձեզ հետ տանելու եք միայն բարի հիշողություններ՝ ուրախ օրերի ջերմությունը, անդավաճան ընկերության բերկրանքը…
– Պինդ եղեք։ Պատվով ծառայեք, առողջ հասեք ձեր օջախները,- զինվորներին մաղթում են Արսենն ու Արթուրը։
Հետո Սաֆարյանները իրագործում են զորամաս այցի գլխավոր նպատակը՝ համերգ նվիրված հայ զինվորին ու սպային։
– Պարոնա՛յք սպաներ, հոգիները ձեր հողն ու սահմանն են,
Ու սրտերը ձեր մեզ քարե ամրոց, բերդ ու դրոշ են,
Ով կողքին է մեր ու նրանց համար, որ երկնքում են,
Հավերժի ճամփին խիղճն եք մեր, պարոնա՛յք սպաներ:
Հենց խորհրդանշական այս երգով էլ նրանք սկսում են համերգը զորամասում, ինչպես իրենք են ասում՝ լավագույն հանդիսատեսի համար: Երգում են հուզված, սրտի թրթիռով: Մեկը մյուսի հետևից հնչում են սիրված երգերը՝ զինվորի, սպայի ու բանակի մասին: Զինվորները խանդավառվում են, զորքը հոտնկայս ծափահարում է։ Սովորական օրը վերածվում է իսկական տոնի:
Հրաժեշտը ուղեկցվում է երախտագիտության խոսքերով, որոնք փոխադարձ են. զինվորները շնորհակալ են արտիստների այցի, Սաֆարյանները՝ ջերմ ընդունելության համար։ Բոլորն էլ գիտեն. գեղեցիկ օրվա հուշը երկար կուղեկցի իրենց:
Լաուրա Մամյան, Զինուժ Մեդիա







