Մորո Ձորո վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի (նախկին Ծռվիզ գ.) հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Հայտնի է նաև Ծռվիզի վանք անվանմամբ։ Վանքի Ս. Աստվածածին քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է V դ., կոպտատաշ բազալտ քարով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները):
VI–VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: Խորանները ներսից պայտաձևեն, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հվ. խորանի): Արլ. խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր:
Մորո Ձորո վանքը բարգավաճել է XII–XIII դդ. և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից: 1177–78-ին Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին Մորո Ձորո վանքն ազատել է բոլոր հարկերից: Այդ վճիռը հաստատել է Վրաստանի Գեորգի III թագավորը՝ Ս. Աստվածածին եկեղեցու հս. խորանի գմբեթարդի իր արձանագրությամբ: 1197-ին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են Մորո Ձորո վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: 1213-ին եղբայրներ Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին:
Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Ս. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև XIX դ.՝ որպես ծխական եկեղեցի: 1980-ական թթ. վերանորոգվել են Մորո Ձորո վանքի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և խորանների ծածկերը:
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։