ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացին:
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական միջավայրի ձևավորմանը և համայնքային երիտասարդական ծառայությունների ստեղծմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը` 18:00-ն, լրացնել առցանց գրանցման հայտը: Դասընթացը կանցկացվի երկու խմբով. յուրաքանչյուր խմբում կընդգրկվի 7 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով: Առաջին խմբի մասնակցությամբ դասընթացը կանցկացվի նոյեմբերի 21-24-ը, իսկ երկրորդ խմբինը՝ նոյեմբերի 27-30-ը:
Դասընթացը կանցկացվի Գյումրիում։ Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մասնակցության համար դիմում-հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ երկու և երիտասարդական ոլորտի երկու ներկայացուցիչների տվյալները: Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
- լինի 18 և ավելի տարեկան,
- հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝
- բնակվի տվյալ համայնքում,
- լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
- անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։
Դասընթացը նպատակ ունի նպաստել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի վերաբերյալ և այդ համատեքստում՝ ՏԻՄ գործառույթների/ լիազորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, տրամադրել տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ համայնքում երիտասարդական միջավայրերի ստեղծման և գործարկման, երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին, ստեղծել հնարավորություններ ներհամայնքային և միջհամայնքային կապերի ձևավորման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման համար, ինչպես նաև տրամադրել երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։