Արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ, մեդիագրագիտությունը դառնում է ժամանակի պահանջ, որն օգնում է խուսափել ապատեղեկատվությունից, չտրվել քարոզչական ազդեցություններին և հետևել մեդիա հիգիենայի սկզբունքներին։ Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն այս տարի անց է կացվում նոյեմբերի 4-11-ը՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով։ Այս նախաձեռնությունն արդեն յոթ տարի իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Տավուշ Մեդիա ստուդիան նոյեմբերի 6-ին հյուրընկալել էր Իջևանի թիվ 3 և Հաղարծնի միջնակարգ դպրոցների մի խումբ աշակերտների և ուսուցիչների՝ նրանց ծանոթացնելով մեդիայի գործունեության տարբեր ուղղություններին։ Ուսումնաճանաչողական այցի ընթացքում քննարկվել են սոցիալական մեդիայի անվտանգ և նպատակային օգտագործման, ինչպես նաև կեղծ լուրերը տարբերակելու և ստուգելու մեխանիզմները։
Տավուշ Մեդիայի աշխատակազմը դպրոցականներին ծանոթացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Աշակերտները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման ձևաչափին: Այցի ընթացքում մեր հյուրերը ներկայացրին իրենց մտքերն ու առաջարկներ, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում: