Հայաստանյան նորարարության ալիքը հասել է մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տավուշից, Շիրակից և Գեղարքունիքից մեկտեղված պատանիների թիմը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, մասնակցել են ԱՄՆ-ում անցկացվող հեղինակավոր ռոբոտաշինական մրցույթին։ Իրենց ջանքերի, գիտելիքի ու թիմային աշխատանքի շնորհիվ նրանք անցել են մրցույթի ամենաբարդ հատվածներից մեկը՝ նախնական փուլերը, և արդեն պատրաստվում են մեծ եզրափակչին։ Հաջորդ կանգառը՝ Հյուսթոնն է։
Թիմը ներկայանալու է միջազգային հարթակում՝ յուրօրինակ ռոբոտով, որը մրցույթի ընթացքում պետք է կատարի երեք խիստ տեխնիկական վարժություն։ Ռոբոտը՝ որպես արդյունք ստեղծարարության, ծրագրավորման ու մեխանիկական հմտությունների միաձուլման, միավորում է մարզերից եկած պատանիների գաղափարները մեկ ամբողջական համակարգում։
Մրցույթի եզրափակիչ փուլին ընդառաջ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ընտրված վայրն էլ պատահական չէ՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ մարզումների, փորձարկումների և թիմային համակենտրոնացման համար։
Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են նաև վարժարանի 2 սաներ։ Նրանք աջակցում են թիմին թե՛ տեխնիկական խնդիրների լուծման մեջ, և թե՛ կազմակերպչական հարցերում։ Այս պատանիները ապացուցում են, որ տեխնոլոգիաներ ստեղծելու համար մեծ քաղաքներում ապրելը պարտադիր չէ։ Նորարար միտքը սահմաններ չունի, իսկ ներշնչված թիմը կարող է հասնել աշխարհի ամենահեղինակավոր հարթակներին։
Հայաստանի անունը կհնչի Հյուսթոնում՝ շնորհիվ մարզերում ծնված և ձևավորված պայծառ միտքերի։