«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Դիմակայուն Տավուշ. Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագրով հանրային բանախոսությունների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարզի բնակչության իրազեկվածությունն ու դիմակայունությունը: Նոյեմբերի 14-ի հանդիպման վայրը Նոյեմբերյանն էր։
Բանախոսությունը վարում էր ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր, «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Տավուշի մարզին պատուհասած ու սպառնացող արտակարգ իրավիճակներից առանձնացնելով Նոյեմբերյան համայնքի վերջին փորձությունները, դրանց պատճառներն ու նպաստող հանգամանքները, մեկ անգամ ևս կարևորվեցին իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, համայնքային դիմակայունության անհրաժեշտությունը:
«Չկա հայի մի սերունդ, որը գոնե մեկ ավերիչ երկրաշարժ ու մահակործան պատերազմ դիմակայած չլինի, միշտ մի աղետ – մի վնասն էլ վրադիր։ Եվ մենք պարզապես դատապարտված ենք դիմակայուն լինելու: Իրազեկ ու պատրաստված դիմակայուն անհատ-քաղաքացի, դիմակայուն ընտանիք, դիմակայուն համայնք, դիմակայուն մարզ և դիմակայուն երկիր-հայրենիք-պետություն» -, իր խոսքն ամփոփեց Նիկոլայ Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչներ, հնարավորություն ունեցան հարցեր տալու և բարձրաձայնելու համայնքում առկա անվտանգային խնդիրները։ Փորձագետը պատասխանեց ներկաների հարցերին՝ կարևորելով համայնքներում աղետների կանխարգելման և պատրաստվածության ապահովման, դիմակայունության մշակույթի դաստիարակման աշխատանքները։
Նոյեմբերյանում ներկայացվեց նաև Արտակարգ Ալիքի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը, որն արդեն հասանելի է «ՌեԱրմենիա» համահայկական կայքէջում։
Սիրելի տավուշեցիներ,
Տավուշի մարզի բնակչության՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակը գնահատելու և բարելավելու նպատակով իրականացնում ենք հանրային հարցում․ Ձեր անկեղծ պատասխանները կօգնեն մշակել առավել արդյունավետ միջոցառումներ՝ համայնքների անվտանգությունն ապահովելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:
Հանրային բանախոսություններն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Հաջորդ կանգառը Բերդ համայնքն է․ մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 և 055 010401 հեռախոսահամարներով: