Փետրվարի 25-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, մարզիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի ավանդական մրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին:
Մրցաշարին հետևել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Հայկ Պապյանի հարազատները, անվանի ըմբիշներ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիր Արշակ Սանոյանը, ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 17-ակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել մրցաշարը նախաձեռնողներին, մարզիչներին, շնորհավորել բոլոր մասնակիցներին:
Հայկ Պապյանի հորեղբայր Վահագն Պապյանը ևս ընտանիքի անունից իր խորին երախտագիտությունն է հայտնել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրինությանը, Բերդ համայնքի ղեկավարին, Հայկ Պապյանի մարզիչներին, մրցաշարի մասնակիցներին` մասնավորապես նշելով. «Խոնարհումս՝ բոլոր ընկած տղաներին… Այսօր հերոս տղաներին հիշելով՝ մենք մեր մեջ ուժ ենք գտնում պայքարելու, ապրելու, իմաստավորելու մեր ապագան… »:
Մրցաշարին մասնակցել է ՀՀ մարզերից ժամանած շուրջ 350 ըմբիշ (9-13 տարեկանների տարիքային խումբ):
—
Հայկ Պապյանը ծնվել է 2001 թ.-ի հունվարի 20-ին, Բերդ քաղաքում։ Տասը տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին, ինչպես նաև մի շարք միջազգային մրցաշարերի, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ, արժանացել պարգևների:
Դպրոցն ավարտելուց հետո եղել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանող, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
Զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ համալրելով Արցախի պաշտպանության բանակի շարքերը:
Մասնակցել է 2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմին, հերոսաբար զոհվել՝ հոկտեմբերի 15-ին: