Վերին Կարմիրաղբյուր ու Նորաշեն գյուղերի խաչմերուկում գտնվող «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնը շարունակում է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել տարածաշրջանի երեխաներին ու մեծահասակներին, սակայն արդեն նոր պայմաններում։ Կենտրոնում իրականացվել է վերազինման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Այս ամենն իրականություն է դարձել՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ՝ «ԼԻԴԵՐ» ծրագրով ստեղծված «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի աջակցությամբ։
«Վարդանանց ասպետներ կրթահամալիրը կառուցվել է 2015-16 թթ․-ին՝ ամերիկահայ բարերար Տիգրան Սահակյանի միջոցներով, գործել է մինչև 2020 թվականը, և հետո մենք մեր ընտանիքի երիտասարդ կազմով որոշեցինք, որ կարելի է նորից վերսկսել, վերաբացել աշխատանքը, երևի թե հիմնականում այն պատճառով, որ պատերազմից հետո երիտասարդությանը կարողանանք կենտրոնացնել և պահել տարածաշրջանում։ Սկսեցինք աշխատանք փոքր միջոցներով, բայց ընթացքում հասկացանք, որ բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, տեղեկացանք ծիլիծով տեղական ակտիվ խմբի մասին և որոշեցինք ներկայացնել մեր բիզնես ծրագիրը ոչ միայն բիզնես տեսանկյունից, այլ նաև երիտասարդությանը համախմբող տարածաշրջանում ակտիվ երիտասարդական խմբեր ստեղծելու նպատակով։ Դրամաշնորհի արդյունքում մենք կարողացանք ավելացնել մեր ունեցած գույքը, ձեռք բերեցինք նոր սեղաններ, հովանոցներ, նոր պոմպ, և ջրի համար նախատեսված ֆիլտրեր, որոնք շատ կարևոր են, որն էլ ավելի ապահովեց մեր երեխաների անվտանգությունը լողավազանում, ջրի ջնջությունը, մաքրությունը, պարզությունը, և բավականին նյութեր, որոնք անհրաժեշտ են լողավազանի գործունեության համար», – նշում է Ծրագրի շահառու Նելլի Ալիխանյանը։
Վերազինված լողավազանը համայնքի բնակիչների համար դարձել է առողջ ու ակտիվ կյանքի նոր հասցե, քանի որ լողի խմբակների գործարկումը հնարավորություն է տվել երեխաներին ու երիտասարդներին զբաղվել սպորտով՝ զարգացնելով իրենց ֆիզիկական կարողությունները։
«ԼԻԴԵՐ» մեթոդաբանությամբ ստեղծված «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը կարևոր հարթակ է, որտեղ միավորվում են Բերդ համայնքի հանրային, մասնավոր և քաղհասարակության սեկտորները։ Այն նոր՝ ներքևից վերև մոտեցումն է առաջ տանում, և տեղական դերակատարների ձայնը լսելի է։ Լողավազանի գաղափարը ևս նորարար է, քանի որ մինչ այդ Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բացակայում էր երեխաների համար լողալ սովորելու հնարավորությունը։ Այն կառույց է, և մեր համագործակցության արդյունքում «Վարդանաց ասպետներ» կազմակերպության կողմից հիմնված այդ տարածքը ծառայելու է այժմ «Բերդ ագրոֆեստ» փառատոնի անցկացման համար, որը, լիահույս ենք, շարունակական նախաձեռնություն է», – խոսքն ամփոփում է «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ ՀԿ խորհրդի նախագահ Նառա Պապյանը։
Այսօր կենտրոնը դարձել է տարծաշրջանի գյուղերի ժամանցի և ակտիվության նոր հասցեն։ Այստեղ կազմակերպվող մարզումները միավորում են երեխաներին ու երիտասարդներին, ձևավորում նոր ընկերություններ ու համայնքային շփման միջավայր։ Ինչն էլ համայնքներին բերել է՝ աշխուժություն, շարժ ու ուրախություն։






