Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները վերջին զանգը նշեցին միասին։ Հարյուրավոր շրջանավարտներ համայնքի բոլոր բնակավայրերից միասին ճանապարհեցին իրենց դպրոցական տարիներն ու ազդարարեցին կյանքի նոր փուլի սկիզբը։ Համայնքի ցանկությունն է, որ երիտասարդությունը լինի միասնական ու համախմբված, և այս առիթը բաց թողնել չէր կարելի։
Տարբեր դպրոցներ ու տարբեր պատմություններ, բայց նույնն է ընդհանուր զգացողությունը՝ հուզմունք, երախտագիտություն ու սպասում։ Առջևում բարձրագույն կրթության կարևոր տարիները պիտի լինեն․ շրջանավարտներն էլ հանձնառու են իրենց նպատակներում՝ լավ մասնագետ են դառնալու և վերադառնան այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ՝ Նոյեմբերյան։
Ազգային պարն ու մշակութային բաղադրիչները երեկոյի կարևոր մասն էր։ Ավանդական Բերդ պարից, մինչ վիեննայական վալս։ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը բազմաբովանդակ ծրագիր էր առաջարկել շրջանավարտներին։ Իսկ վերջում հնչում է վերջին զանգը․ այն նաև հույսերի ու սպասումների զանգն է, որ հիշեցնում է` այստեղ ծնվում են ապագայի մարդիկ։