Նոյեմբերի 1-ից հանրապետության բոլոր մարզերում պարեկային ծառայողների մասնակցությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ՝ պարեկային ծառայության գործունեության վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացման նպատակով։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի ծառայողները հանրային իրազեկման արշավի շրջանակում Տավուշի մարզի համայնքներում հանդիպումներ են ունեցել կրթական հաստատություններում ուսանող երիտասարդների, հետաքրքրված քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով պարեկային ծառայության նպատակը, խնդիրները, պարեկային ծառայության անցնելու կարգն ու հնարավորությունները։
Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում պարեկային ծառայողները մանրամասնորեն ներկայացնում են իրենց ծառայության առանձնահատկություններն ու բնույթը, կիսվում հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց արձանագրած դրական արդյունքներով ու փորձով։ Պարեկները հանդիպման մասնակիցներին ցուցադրում են նաև ծառայության ընթացքում օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։
Ներքին գործերի նախարարության կողմից ոստիկանության բարեփոխումների միջոցառումների շրջանակում պարեկային ծառայության գործունեության ու ընդունելության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման նպատակով համայնքային այցելությունները ու քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են։