Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղերի՝ Սարիգյուղի, Ոսկեպարի և Արծվաբերդի հիմնական դպրոցները համալրվել են աղետների ռիսկի կառավարման պատրաստվածության համար անհրաժեշտ գույքով։ Դպրոցները գույքը ստացել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել դպրոցներում աշակերտների և ուսուցիչների անվտանգության մակարդակը, ձևավորել գիտելիքներ ու կարողություններ աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում, ինչպես նաև ամրապնդել դիմակայունությունը հնարավոր աղետների դեպքում։
«Ճապոնիան հաճախ է բախվում բնական աղետների, և տարիների ընթացքում կուտակած փորձը կարող է օգտակար լինել նաև այլ երկրների համար։ Ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվել է անհրաժեշտ գույք ու տեխնիկա, ինչը կնպաստի կրթական հաստատությունների անվտանգության բարելավմանը։ Բացի այդ, ուսումնասիրվել են դպրոցների քաղաքացիական պաշտպանության պլաններն ու սխեմաները, կատարվել են անհրաժեշտ թարմացումներ» ,- Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց Վրաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) մշտական ներկայացուցիչ Ջունջի Վակուին:
Կարճ ժամանակահատվածում Տավուշի մարզի երեք դպրոցները համալրվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով և պայմանական նշաններով։ Մշակվել և բոլոր դասասենյակներում ու համապատասխան վայրերում փակցվել են նաև տարահանման պլանները։
Ծրագրի ավարտին Սարիգյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց նաև ուսումնական վարժանք՝ անձնակազմի և աշակերտների պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով։





