Սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցականները գրական-գեղարվեստական կատարումներով ընդմիջում են Իջևանի Քանդակների այգում ընթացող վերջին աշխատանքները։ Ազգային երգ ու պարով նրանք սահմանամերձ գյուղից եկել էին մարզկենտրոն Իջևան՝ ցուցադրելու իրենց գեղեցիկ ու հայկական կատարումները՝ միաժամանակ մշակութային կյանք հաղորդելով նոր կառուցված ամֆիթատրոնին։
Վերանորոգումից հետո այգում կազմակերպված առաջին հանրային միջոցառման հեղինակներն ու գլխավոր հերոսները հենց պատանի բերքաբերցիներն էին։
Երգ ու պարից զատ, դպրոցականները հանդես եկան նաև թատերական ներկայացումներով՝ բեմադրելով «Ամբան հուռին» և «Բուն Բարեկենդանը»․ պատահական չէին ընտրված այս ստեղծագործությունները․ այս կերպ դպրոցականները ստեղծեցին հայկական ավանդույթների գունեղ ու կենսախինդ մթնոլորտը։
Իջևանի նոր կյանք ստացած Քանդակների այգին լցվել էր երեխաների ծիծաղով, երգ ու պարով։





