Հերթական մեծ ու ավանդական միջոցառումը` գունառատ Տավուշում։
Սեպտեմբերի 23-ին՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի արդեն ավանդույթի վերածված Septemberfest մրգօղու փառատոնը։ Սահմանամերձ համայնքը պատահական չի ընտրվել․միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել կյանքը Տավուշի սահմանային բնակավայրերում՝ միաժամանակ տարբեր տեսակի մրգերից թորվող մրգօղին դիրքավորելով որպես հայկական տեղական ապրանքանիշ։
Սեպտեմբերի 23-ին փառատոնի հյուրերը ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենան տաղավարների միջոցով ծանոթանալ տարբեր մրգօղիների, համտեսել ու ձեռք բերել դրանք։ Տեղում կցուցադրվի նաեւ օղու թորման գործընթացը, ինչը յուրահատուկ գույն կհաղորդի ողջ միջոցառմանը։Տաղավարներում ցուցադրվելու են Հայաստանի բոլոր մարզերում արտադրված մրգօղիներ և այլ բարիքներ։
Septemberfest փառատոնի նախաձեռնողները հրավիրում են Տավուշի տեղացի արտադրողներին և Հայաստանի բոլոր մարզերի մրգօղի արտադրողներին՝ մասնակցություն ունենալ կայանալիք յուրօրինակ միջոցառմանը: Տաղավարներ ամրագրելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել փառատոնի սոցիալական հարթակներում նշված հղումով կամ զանգահարել կոնտակտային հեռախոսահամարով։
Մասնակցել կարող են նաեւ այլ բարիքներ արտադրողներ եւ արհեստագործներ:
Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալ նաեւ տեղացի արհեստագործների, արվեստի եւ արհեստների դպրոցների արտադրանքին, մասնակցել սեղանի տարբեր խաղերի առաջնությունների։ Փառատոնի գործընկեր «Վարը Վարենկի» օգնությամբ մասնակիցներն իրենց օրը կլցնեն նաեւ հայկական ազգային խաղերով։ Դե իսկ օրվա երաժշտական տրամադրությունը կապահովեն Another Story Band-ը, ինչպես նաեւ Արսեն եւ Արթուր Սաֆարյանները՝ երեկոյան նախատեսվելիք համերգային ծրագրում։
Միջոցառման հետ կապված բոլոր այլ մանրամասները կարող եք գտնել փառատոնի սոցիալական հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչները մրգօղու սիրահարներին սիրով սպասելու են լուսավոր ու գունառատ Կողբում։