2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` որդու հիշատակին։
«Հայրս Դավիթին շատ խոր ու նուրբ էր սիրում․․. երբ Դավիթը զոհվեց, հայրս կենդանի չէր․․․ նա ինձ ասում էր, որ ուշադիր լինեմ Դավիթի հանդեպ, ասում էր՝ «Դավիթը իր հոգուց, էներգիայից շատ-շատ բան է տալիս կողքի մարդկանց, նրան պետք է շատ սիրեք, որ այդ ամենը մի քիչ փոխհատուցվի»։ Տղաս ծնվել էր Երևանում, բայց շատ խոր զգում էր աշխարհից հեռու Տավուշի մթամած անտառներում ապրող պարզ մարդկանց, իր արձակուրդին կապվում էր նրանց հետ ու նրանցից վերցնում նրանց աշխարհը, դարձնում իրենը։ Սիրում էր ծունկ չոքել սարերի գուշերի առաջ ու խմել սառնորակ ջուրը կամ պառկել խոր անտառով հոսող ջրերի մոտ ու խմել այդ ջրերից, սարվորներից էր սովորել:
Ինձ հետ վառվող մոմերի լույսի տակ երկար նստում էր Լյուքսեմբուրգի Նոտր-Դամ տաճարում, ֆրանսիական, գերմանական տաճարներում, որոշել էի իրեն ցույց տալ Եվրոպայի միջնադարը՝ երգեհոնի ծանր հնչյունների տակ, հետո ինքը բողոքում էր, որ այդ ամենը ճնշող է ու դուրս էր գալիս արևի տակ, արև շատ էր սիրում: Ես միշտ զարմանում էի, թե ինչքան լավ են նրա մեջ միացած քաղաքը, Երևանը և Տավուշի խոր անտառները․․․






