Այսօր՝ սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարար ծառայողի օրը:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:
1991 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 462 որոշմամբ, Սերգեյ Բալասանյանի, Վարդան Ամիրբեկյանի և մյուսների ջանքերով, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀ ՍՊԱԾ): Գերատեսչությունը կազմակերպելու էր բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը: Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվելով տարածաշրջանում ոլորտի առաջատար:
1991 թվական. ստեղծվում է Արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող Քաղաքացիական պաշտպանության շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991թ. վերջին դրվում է Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե’ հայեցակարգային, թե’ մասնագիտական, թե’ իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից և ռիսկի գնահատումից:
ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին՝
- աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը,
- աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:
1997 թվականին Արտակարգ իրավիճակների վարչությունը հանվում է ՀՀ կառավարության կառուցվածքից, վերանվանվում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության:
2005 թվականի դեկտեմբերին Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:
2008 թվականին ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը 2023 թվականից վերանվանվել է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն:
Այսօր մենք ունենք կայացած, հզոր փրկարար ծառայություն, որտեղ ընդգրկված հրշեջ փրկարարական ստորաբաժանումները համալրված են ժամանակակից տեխնիկայով և գույք-սարքավորումներով:
Տավուշի մարզային փրկարարական վարչությունը
Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերին: Սկզբից այն ժամանակ կոչվում էր Հյուսիս-Արևելյան տարածաշրջանային Քաղաքացիական պաշտպանության շտաբ: Ժամանակի ընթացքում անվանումը կրել է բազմաթիվ փոփոխություններ, սակայն նույնն է մնացել աշխատանքի էությունը և գլխավոր սկզբունքը` բնակչության և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը պատերազմական ժամանակաշրջանում և արտակարգ իրավիճակներում:
Ստեղծվելով պետության համար ծանր և դժվարին ժամանակաշրջանում, անցնելով ժամանակի և փորձությունների միջով, աշխատանքը սկսելով ութ հոգանոց անձնակազմով, մարզային փրկարարական վարչությունն այժմ իրենից ներկայացնում է մի կուռ կառույց` հագեցված պրոֆեսիոնալ անձնակազմով, ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով, պատրաստ ամեն պահի և ցանկացած իրավիճակներում հասնելու օգնության:
Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները համալրված են 34 միավոր փրկարարական տեխնիկայով, մոտ 170 փրկարարական ծառայողներով: Հատկանշական է 2015 թվականին հիմնված և միջազգային որակավորում ստացած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմի դերը: Այն իրենից ներկայացնում է միջազգային կանոններին համապատասխանող որոնողափրկարարկան միավորում, որը համալրված է գերժամանակակից փրկարարական գույքով և սարքավորումներով, կարող է ինքնաբավ աշխատել աշխարհի ցանկացած երկրում: Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը ակտիվ մասնակցել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանն ու որոնողափրկարարական աշխատանքներին, ինչպես նաև 2023 թվականի փետրվարի 6-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով և այլ օրենսդրական ակտերով՝ իրականացնում է միջոցառումներ արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման, օպերատիվ նախապատրաստման, քաղպաշտպանության հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման, մարզի քաղպաշտպանական համակարգի ղեկավար կազմի, մարզային փրկարարական վարչության անձնակազմի ուսուցման ուղղությամբ: Անցկացված միջոցառումներում և աշխատանքներում ընդգրկվում են մարզի համայնքները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և ազգաբնակչությունը:
Այսօր փրկարարները, գտնվելով մշտական պատրաստության վիճակում, իրենց գործընկերների հետ միասին շնորհավորանքներ են ընդունում իրենց մասնագիտական տոնի առթիվ: Ի պատասխան շնորհավորանքների՝ փրկարարները շնորհակալություն են հայտնում և հիշեցնում․ «Ամենադժվար պահին մենք Ձեր կողքին ենք․ Ձեր կողքին՝ կյանքի բոլոր պահերին»






