Զբոսաշրջային նոր հասցե՝ մաքուր օդն ու խաղաղությունը գնահատողների համար։ Հուլիսի 3-ին Չինչին գյուղում իր դռները բացեց նոր հանգստյան տուն՝ «Շենլիկ» հյուրատունը։
Հյուրատան հիմնադիրները երիտասարդ ամուսիններ Գայանեն ու Ոսկանն են։ Ասում են՝ իրենց երազանքն էր հայրենի գյուղի շենացման գործում ներդրում ունենալը։
Հյուրատունը կառուցել են սեփական ուժերով և միջոցներով, տեխնիկապես աջակցել է Անկոր Արմենիա ընկերությունը։
Չինչին գյուղը հարուստ է տեսարժան և պատմամշակութային վայրերով։
Գյուղը իր յուրահատուկ բնությամբ, հյուրընկալությամբ՝ զբոսաշրջության նոր վայր կարող է լինել. հենց այս հույսով Ոսկանն ու Գայանեն կյանքի կոչեցին հյուրատան գաղափարը։
«Ամենահեշտը թողնել-փախչելն է, բայց ավելի լավ է մնալ, արարել ու օրինակ լինել ուրիշներին», – նշում է Գայանեն։
Այսօր արդեն բացման միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրատանը, ծանոթացան պայմաններին, ներկա եղան մշակութային ծրագրին ու թատերական ներկայացմանը։ Չինչինի չքնաղ բնության գրկում «Շենլիկ»-ը արդեն սպասում է իր առաջին հյուրերին։