«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Դիմակայուն Տավուշ. Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագրով հանրային բանախոսությունների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարզի բնակչության իրազեկվածությունն ու դիմակայունությունը:
Նոյեմբերի 9-ի հանդիպման վայրը Լոֆթ Իջևանն էր:
Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր, «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Տավուշի մարզին պատուհասած ու սպառնացող արտակարգ իրավիճակներից առանձնացվեցին Իջևան համայնքի վերջին փորձությունները, դրանց պատճառներն ու նպաստող հանգամանքները, մեկ անգամ ևս կարևորվեցին իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, համայնքային դիմակայունության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան հարցեր տալու և բարձրաձայնելու համայնքում առկա անվտանգային խնդիրները։ Փորձագետը պատասխանեց ներկաների հարցերին՝ կարևորելով համայնքներում աղետների կանխարգելման և պատրաստվածության ապահովման աշխատանքները։
Իջևանյան հանդիպմանը ներկայացվեց նաև Արտակարգ Ալիքի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը, որն արդեն հասանելի է «ՌեԱրմենիա» համահայկական կայքէջում։ Այդ մասին ավելի մասնրամասն կպատմենք հաջորդիվ։
Հանրային բանախոսություններն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 և 055 010401 հեռախոսահամարներով: