2024 թվականը Տավուշի մարզի համար նշանավորվեց փորձություններով և հաջողություններով։ Տարվա ընթացքում մարզում իրականացվեցին ծրագրեր՝ ուղղված համայնքների կենսապայմանների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կրթական համակարգի արդիականացմանը։
Գյուղատնտեսություն
2024 թվականին Տավուշի մարզում մթերված խաղողի ծավալը կազմեց 5953.6 տոննա՝ նախորդ տարվա 3481.1 տոննայի համեմատ: 1 կգ խաղողի գնային միջակայքը հասավ 140-250 դրամի: Բացի դրանից, մթերվեց 829 տոննա բանջարեղեն և պտուղ-հատապտուղ: Իջևան համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում, 87 տնտեսությունների այգիներում իրականացվել են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներ:

2024 թվականին հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր՝ 5.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 ծրագիր ավարտվել է ամբողջությամբ, 8-ը՝ մասամբ, իսկ մնացածը գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Տարվա կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի մարզի 4 սահմանամերձ գյուղերի գազիֆիկացումը, որն իրականացվեց «Վարդանյան» ընտանիքի աջակցությամբ:
Դպրոցաշինություն
Տավուշի մարզում կրթական ենթակառուցվածքների զարգացման գործընթացն ընթանում է լայն թափով։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Կիրանցի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը, որի ընդհանուր արժեքը կազմել է 680 մլն ՀՀ դրամ։ Նորակառույց դպրոցն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ապահովում է ժամանակակից կրթական միջավայր։

Հինգ բնակավայրերում՝ Լուսաձորում, Պտղավանում, Բագրատաշենում, Այրումում և Արծվաբերդում, արդեն մեկնարկել են նոր կրթական հաստատությունների շինարարական աշխատանքները։ Բացի այդ, 9 դպրոց և կրթահամալիր գտնվում են նախագծման փուլում՝ Գոշում, Նավուրում, Կոթիում, Արծվաբերդում, Այգեձորում, Նոյեմբերյանում, Կողբում, Աղավնավանքում և Ոսկեվանում։ Այս նախագծերի իրականացման միջոցով նախատեսվում է լուծել կրթական ոլորտի համապարփակ խնդիրները։ Սևքարի դպրոցի և Նորաշենի կրթահամալիրի շինարարության համար պայմանագրերը կնքման փուլում են։
Բագրատաշենում կառուցվող 144 սաների համար նախատեսված մանկապարտեզը, որի արժեքը կազմում է 880 մլն ՀՀ դրամ, շահագործման կհանձնվի 2025 թվականի մարտին։
Բնակարանաշինության ծրագրեր սահմանամերձ բնակավայրերում
Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրերը նույնպես առաջնահերթություն են։ Տավուշի մարզում ներկայում կառուցվում է 1249 բնակելի տուն, ինչը կարևոր քայլ է սահմանամերձ գյուղերի կենսունակության ապահովման և համայնքների վերածննդի համար։

Տավուշի մարզում 2024 թվականին ավարտվեցին 390 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվեցին հատկապես կարևոր նշանակության ճանապարհները, (ինչպիսիք են Մ-8 (Վանաձոր-Դիլիջան), Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհները), վերանորոգվեցին համայնքային նշանակության ճանապարհներ։

2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին նախատեսվել է հատկացնել 6 մլրդ 14 միլիոն դրամ։






