Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025թ. կարճ ցանկում։ Ցանկում ներառվել են նաեւ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին։
Ամենավտանգված մյուս հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.
- Միքսնից-Բերենշուցկլամ երկաթուղային կայարան, ԱՎՍՏՐԻԱ
- Աթի Երկաթե ամրոց, ԲԵԼԳԻԱ
- Նիբորգ ամրոց, ԴԱՆԻԱ
- Մոնեմվասիայի ամրոց, ՀՈՒՆԱՍՏԱՆ
- Օդամուղի սրահ, Էշ-սյուր-Ալզետ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ
- Երկաթուղային կամուրջներ և Բաարդվեյսկե Օվերլաատ առափ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
- Ազգային թատրոն, Օսլո, ՆՈՐՎԵԳԻԱ
- Օռլայի Մեծ Սինագոգ, ԼԵՀԱՍՏԱՆ
- Պաուլիստաս եկեղեցի և միաբանություն, Լիսաբոն, ՊՈՐՏՈՒԳԱԻԱ
- Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, ՍԵՐԲԻԱ
- Սան Էստևո դե Պուսադա եկեղեցի, ԻՍՊԱՆԻԱ
- Վալհալլա լողավազան, Գյոթեբորգ, ՇՎԵԴԻԱ
- Վիկտորյայի աշտարակի այգիներ, Լոնդոն, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2013 թվականից՝ իր հիմնադրումից ի վեր այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է, որն ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը և գործում է որպես անհրաժեշտ պետական և մասնավոր աջակցության, ներառյալ ֆինանսական աջակցությունը, ջատագով և կատալիզատոր:
Համաձայն «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հաղորդագրության, վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում են 14 եվրոպական երկիր, ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության, ինչպես և ֆինանսական փորձագետներ: Վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի», ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
Ընտրությունը կատարվել է՝ ելնելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաև իրական այն վտանգից, որին այն առերեսվում է այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության և այս վայրերը փրկելու հարցում պետական ու մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Չափանիշների թվում կարևորվել է տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու այս վայրերի ներուժը:
Եվրոպայում «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի 2025թ. վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը ևս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաև աշխարհաքաղաքական կարևորության օգտին։
Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական մետաքսի ճանապարհի վրա առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը բարեկեցություն, ինչպես և հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի ժառանգություն է կերտել Զաքարյանների և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը, բնակատեղին լքված է 17-րդ դարից. այն նաև պատշաճ ուսումնասիրված չէ։
Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։ Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված ընտրություն է ենթադրում։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։
«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։
Լուսանկարները՝ «Եվրոպա Նոստրայի»