Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզի համայնքներում տեղի ունեցան հիշատակի և խոնարհման միջոցառումներ։
Իջևանում քաղաքացիները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրում, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։
Դիլիջանում հիշատակի և խոնարհման միջոցառումը կազմակերպվել էր Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Քաղաքի հուշարձանի հարակից տարածքում քաղաքացիները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկների խոնարհման արարողությամբ։
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։
Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հայորդիների հիշատակին։
Միջոցառման ընթացքում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն աղոթք է բարձրացրել նահատակների հոգիների հանգստության համար։
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

















