Համո Սահյան․ «Ես չեմ կարող իմ զավակին»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի լեռ ու ձորերն են։
Ես չեմ կարող իմ զավակին
Մի հարսանիք չխոստանալ,
Ինձնից կախված ամեն պարգև,
Ամեն բարիք չխոստանալ,
Մի լավ օջախ, մի լավ անկյուն,
Մի լավ տանիք չխոստանալ,
Ոտքը հին-հին դարերի մեջ,
Ճերմակ ճակատն աստղերի մեջ,
Կանաչ-կարմիր սարերի մեջ,
Ոտից-գլուխ արևի մեջ
Մի հայրենիք չխոստանալ։
Ես չեմ կարող
Այս աշխարհից գնացողին
Մի բուռ արցունք
Եվ մի բուռ հող չխոստանալ։
Ես չեմ կարող ճամփիս վրա
Ոտքի վրա խամրող ծաղկին
Իմ խեղճ սրտից
Եվ իմ խոնավ թարթիչներից
Մի կաթիլ ցող չխոստանալ։
Եվ վերջաաես ես չեմ կարող
Հեռու-հեռու սերունդներին
Իմ օրերի
Եվ իմ հոգու լույսը տանող
Մի քանի տող չխոստանալ։