Ձյունոտ Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Կադրերը M4 միջպետական մայրուղու Դիլիջան-Իջևան հատվածից են։
Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ի՞նչ անեմ, մայրիկ: