Փետրվարի 17-ին Տավուշի մարզում տրվեց «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում Տավուշի տուրիզմի ակումբի ստեղծման միջոցով» ծրագրի մեկնարկը։
«Ծրագիրը կոչվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»․ այն իրականացվում է ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կողմից։ Զբոսաշրջության զարգացման համար մեզ խնդրել են կենտրոնանալ հատկապես հյուսիսային մարզերի վրա՝ Տավուշ, Շիրակ և Լոռի։ Հյուսիսային այս մարզերը, ներառյալ՝ Տավուշը, տուրիզմի զարգացման համար մեծ ներուժ ունեն։ Մենք ակնկալում ենք, որ զբոսաշրջային շահառուները միավորվեն և փորձով փոխանակվեն, ուսումնասիրեն համագործակցելու հնարավորությունները, որը շատ կարևոր է։ Այնուհետև նրանք ավելի լայն առաջարկներ կներկայացնեն զբոսաշրջիկներին։ Պետք է լինել մրցակցային մնացած մարզերի համեմատ։ Այսպիսով՝ դա այն է, ինչ մենք իրականում ցանկանում ենք խթանել՝ աջակցելով Տավուշի տուրիզմի ակումբին», – ծրագրի մասին Տավուշ հեռուստաընկերությանը պատմում է «Նորարարական տուրիզմը և տեխնոլոգիաները Հայաստանի համար» ծրագրի տուրիզմի բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ ծավալել քննարկում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզում առկա խնդիրներին։
«Մենք հուսով ենք, որ մեր ծագրի շնորհիվ կազմակերպություններն իսկապես կհզորացնեն իրենց կարողությունները, ակումբի ստեղծման միջոցով կստեղծենք կապեր և սա կդարձնենք մի մշակութային կետ, որին բիզնեսները կցանկանան յուրաքանչյուր ամիս մասնակցություն ունենալ, և սա երկարաժամկետ արդյունք կունենա», – նշում է Մոդուս Քոնսալթինգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը։
Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի տուրիզմի ոլորտի գործընկեր կառույցներ, ինչպես նաև ՏԻՄ պատասխանատուներ, քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Քաղաքական սրճարան»-ի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ «Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել կապեր մեկ այլ բիզնեսի հետ և հաճախորդին կամ շահառուին ուղղորդել մեկ այլ բիզնեսի, և նման շղթայական ռեակցիայով գործը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում նման միջոցառումները»։
Ծրագրի նպատակն է հզորացնել Տավուշի զբոսաշրջային բիզնեսները՝ զարգացնելով նրանց կարողությունները, ստեղծելով Տավուշի տուրիզմի ակումբ և կապելով միջազգային լավագույն հարթակներին։
Ծրագիրը ֆինանասավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով։