«Կատարյալ օրինակ»․ այս բառերն են անընդմեջ հնչում «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսի՝ կապիտան Արմեն Սահակյանի մասին պատմողների խոսքում։
«Որ վիրավորվել էր հոկտեմբերի 16-ին, եկել էր, ասում եմ՝ Արմեն, գոնե մի երկու օր մնա, բուժվես՝ նոր, բա՝ չէ, զինվորներիս մոտ մարդ չկա, ես ոնց թողնեմ իրենց, գամ․․․ ու էլի հետ գնաց՝ մնաց ընդամենը մի օր»․
Արմեն Սահակյանը ծնվել է 1994 թ. մարտի 31-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2002 թ.-ից հաճախել է մարզադպրոց՝սամբոյի դասընթացների:
2010թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետ՝ անվճար հիմունքներով: Սակայն Արմենի որոշումն էր, որ պետք է սպա դառնա: 2010 թ. ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Ուսումը նրան բանակի իսկական նվիրյալ էր դարձրել։ Համալսարանն ավարտելուց հետո ցանկություն է հայտնել ծառայել Ջրականում․ այստեղ ծառայությունն անց է կացրել հինգ տարի:
Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին և ոչ մի պարագայում իր զորքին թույլ չի տվել նահանջել իրենց դիրքերից:
2019թ. սեպտեմբերից տեղափոխվել է Իջևանի N զորամաս, որպեսզի լինի ընտանիքի կողքին: Սեպտեմբերի 30-ից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին:
Առանց երկմտելու և նույնիսկ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հյուսիսային հատվածի՝ Մատաղիսի դիրքերը: Մոտ մեկ ամիս հրամանատարին վայել հզորությամբ պահել է դիրքերը: Հոկտեմբերի 16-ին ստացել է բեկորային վնասվածքներ, սակայն հոսպիտալում անմիջապես հեռացնել է տվել բեկորներն ու վերադարձել դիրք՝ իր զինվորների մոտ:
Արմեն Սահակյանը զոհվել է Դրմբոնը պաշտպանելիս՝ հոկտեմբերի 28-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից:
Որպես հրամանատարի՝ նրա մասնագիտական ունակությունների ու նվիրման մեծագույն վկայությունը մնաց առարկայապես՝ կապիտան Սահակյանի ստորաբաժանումն իր խնդիրը կատարեց լիովին։ Իսկ Արմենը միացավ հանուն Հայրենիքի անմահացածների բանակին՝ իր մշտական ներկայութամբ մնալով մեր կողքին՝ որպես օրինակ և ուղեցույց․․․