«Եթե ինձ ասեք՝ մի բառով պատմիր Սամոյի մասին, ես կասեմ՝ լույս․․․»
Եվ չկա ավելի մեծ սեր, քան որ մեկն իր կյանքը զոհի ավելի ուրիշների։ Չկա ավելի մեծ սեր, քան զոհաբերությունը՝ հանուն Հայրենիքի։ #Տղերքը հաղորդաշարն այսօր պատմում է իր կյանքով սիրո մասին վկայած հերոսի՝ Սամվել Մատինյանի մասին։
«2020 թ․ հունվարի 28-ին Բանակի տոնն էր․ ես հենց այդ ժամանակ հասկացա, որ ես բանակը, պետությունն ու իմ երկիրը Սամվելով եմ սիրել։ Սամվելը հագել է իր կանաչ համազգեստը ու ես սիրել եմ մեր երկիրը։ Ես տեսել եմ՝ Սամվելը ինչ հոգատարությամբ, սիրով, սրտացավությամբ է վերաբերվել իր զինվորներին, ու ես հասկացել եմ, որ դա միայն զինվորներին վերաբերվել չէ, Հայրենիքին վերաբերվել է․․․ մեր սերը Հայրենիքի հանդեպ Սամվելով է սկսվել, ու Սամվելով էլ շարունակվում է մինչև հիմա», – Թերեզա Մատինյան (Սամվելի քույրը)։
Սամվել Մատինյանը ծնվել է 1996թ. փետրվարի 24-ին՝ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ընտանիքի երրորդ և սպասված զավակն էր՝ երկու աղջիկներից հետո:
2002թ. ընդունվել է Այգեհովիտի Արտաշես Վասիլյանի անվան միջնակարգ դպրոցը, որը գերազանց առաջադիմությամբ ավարտելով, 2013թ. ընդունվել էր միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Ընտրությունը բարդ չեղավ․ նրան առավել հոգեհարազատ էր ռազմական մասնագիտությունը: Մասնագիտությամբ հրետանավոր էր: Չորս տարի սովորեց ինստիտուտում և 2017թ., ստանալով լեյտենանտի կոչում, իր ընտրությամբ մեկնեց Ջրական՝ որպես ջոկի հրամանատար։ Ընտրությունը պատահակն չէր ,քանի որ մասնագիտական փորձաշրջանը անցել էր հենց Ջրականում, մասնակցել Ապրիլյան պատերազմին և սիրահարվել այդ տարածաշրջանին:
Սամվելը փայլուն հրետանավոր էր՝ մասնագիտական և մարդկային բարձր որակներով: Արդեն երրորդ տարում վաշտի հրամանատար էր, կոչումով՝ կապիտան: Սիրում էր իր աշխատանքը, հոգատար էր յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, և պատահական չէր, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի զոհ չէր տվել իր վաշտից։ Իսկական իր գործին նվիրյալ էր՝ կոչված լինելու սպա:
Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Զարավար Անդրանիկ», «Արիության» ու «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Եզակի մարդիկ են լինում՝ նման մասնագիտական որակներով ու նվիրվածությամբ միաժամանակ․․․ Կարծում եմ, որ այդ տղաները կյանքը չհամարեցին ամենաթանկը, այլ իրենց արժանապատվությունը, իրենց Հայրենիքն ամենաթանկը գնահատեցին։ Մնացողներիս թող պատգամ լինի, որ այդ մարդկանց մեր՝ ճիշտ ապրելով պարտական լինենք»։