Հայոց բանակը 34 տարեկան է։ Օրվա առթիվ Տավուշի մարզի համայնքներում անցկացվել են տոնական միջոցառումներ։ Սահմանամերձ գյուղերում բանակի օրն առանձնակի կարևորություն ունի: Սահմանապահ տավուշցիները լավ գիտեն բանակի դերն ու արժեքը։ Այստեղ կյանքը նաև ծառայություն է Հայրենիքին։ Բանակի օրվա առթիվ Արծվաբերդի մշակույթի տանը հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը, երիտասարդները՝ միասին ևս մեկ անգամ խաղաղություն ու անվտանգ ծառայություն մաղթելու զինծառայողներին։
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բեմում էին Արծվաբերդի պատանիներն ու երիտասարդները։
Արծվաբերդում գյուղական առօրյան սկսվում է դիրքեր մեկնող զինծառայողների աղմուկից։ Իսկ գյուղի բնակիչներն այստեղ, հենց սահմանին, կրթում են իրենց զավակներին, տուն են կառուցում, մշակում այգիները՝ վստահեցնելով, որ ամուր թիկունք են իրենց տղաների համար։
Սահմանին ապրող մարդիկ լավ գիտեն բանակի օրվա խորհուրդը․ նրանք ամեն օր թիկունքից հայացքով դեպի դիրքեր են նայում՝ հայցելով խաղաղ երկինք ու անվտանգություն։
Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։





