Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջան քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը Երևանում և Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ: Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։ Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։ Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեց թղթե փաթեթներով ընդհանուր՝ ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։ «Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը` 10 փամփուշտով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





