Հաջորդ տարի՝ 2024 թվականին կլրանա 30 տարին՝ ինչ Իջևանն ու Վալանսը մտերմիկ ու հարազատ՝ քույր քաղաքներ են։ Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը Վալանսի քաղաքապետի հրավերով Վալանս քաղաքում էր․ այնտեղ անցկացվում է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գաստրոնոմիական փառատոն, որն արդեն ավանդույթ է դարձել։
Վալանս քաղաքի մշակույթի մեջ կարևոր տեղ ունեն ֆրանսիական ազգային երգ-երաժշտությունը, պարերը, հասարակական, ազգակցական ու ընտանեկան ավանդույթները, նաև պատմաճարտարապետական շենք-շինությունները, որոնք քաղաքի ու բնակչության մշակույթի անբաժանելի բաղադրիչներն են։ Ֆրանսիայի մշակույթի մեջ նշանակալի դեր ունի նաև բազմահամ ազգային խոհանոցը։ Սեպտեմբերի 8-ից Վալանսի սրտում՝ կենտրոնական հրապարակում մեկնարկեց եռօրյա գաստրոնոմիական փառատոնը՝ նպատակակետում պահելով տարածաշրջանի արտադրողների խոհարարական հմտությունների բարելավումը, գիտելիքների օգտագործումը՝ փառատոնի շրջանակում կայանալիք իրադարձություններում։
3 օր շարունակ Վալանսի քաղաքացիները հավաքվում էին՝ վայելելու համեղ , թարմ ուտեստները, դիտելու խոհարարական շոուները, համտեսելու և զգալու ֆրասիական խոհանոցի համերն ու բուրմունքը։ Մասնակիցները անմասն չէին մնում հաճելի ու ջերմ երեկոների։ Տաղավարնում իրենց արտադրանքները ցուցադրողների շարքերում կային նաև հայեր, ովքեր ներկայացնում էին հայկական ուտեստներ։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը եզակի հնարավորություն է, որը արդեն 7-րդ անգամ առաջարկում է բացահայտել տեղացի արտադրողներին, համտեսել, վայելել ու փոխանակվել լավագույն փորձով։ Այս միջոցառումը նաև մասնավոր ընկերություն և տեղական իշխանություն համատեղ համագործակցության օրինակելի դրսևորում է։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը այս տարի կրկին միավորեց նորարարությունն ու գեղեցիկը, համերն ու բույրերը, ժամանցն ու հանգիստը։ Եռօրյա փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էր նաև Վալանսի քույր քաղաքների՝ այդ թվում Իջևանի խոհանոցը՝ հայկական ուտեստներով ու տավուշյան համերով ու իջևանյան շնչով։