Խաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տոնի նախօրեին Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճանապարհ է ընկել դեպի Նոր Վարագավանք, որտեղ կատարվել է գիշերային հսկում և ապա կիրակի՝ Նոր Վարագավանքի ուխտի օրը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը մատուցել է Սուրբ Պատարագ, կատարել Անդաստանի կարգ և օրհնել աշխարհի չորս կողմերը։
Նոր Վարագավանքում հարյուրավոր ուխտավորների մտքերում նաև Արցախի համար աղոթքն էր․ հոկտեմբերի 1-ը Մայր Աթոռի կողմից հռչակվել էր համազգային աղոթքի օր, որի առիթով Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում կատարվեց աղոթքի հատուկ կարգ։
4-րդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում էր հայ ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի պահվել է հենց Նոր Վարագավանքում՝ այն դարձնելով իր հանգրվանն ու տունը։