«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանը համընկնում է 1976 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի համապատասխան տեղանքի՝ խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզին։
6-7-րդ դարերում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ԽՄ ԳՇ քարտեզով սահմանազատման դեպքում կմնա հայկական կողմում, սակայն ադրբեջանական սահմանից ընդամենը 10-20 մետր հեռավորության վրա։
Ինչպես ԳՇ քարտեզում, այնպես էլ Google Maps-ում, Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա։
Այսպիսով, Տավուշում 1976 թվականի՝ ԽՄ ԳՇ քարտեզներով սահմանազատման հետևանքով, չնայած Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը մնում են հայկական կողմում, սակայն հայտնվում են Ադրբեջանի սահմանից չնչին հեռավորության վրա։