I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) տարհանման հանձնաժողով` համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) և համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որը կազմակերպում ու ղեկավարվում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարհանման միջոցառումները.
բ) տարհանման հավաքակայան` տարհանվող բնակչության ընդունման և հաշվառման հավաքատեղ.
գ) ընդունման հավաքակայան` հավաքատեղ, որտեղ կատարվում է տարհանված բնակչության ընդունումը, հաշվառումը և բաշխումն ըստ ժամանակավոր կացարանների.
դ) ընդհանուր տարհանում` տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարհանում.
ե) մասնակի տարհանում` մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքի կազմում չկան տարհանման ենթակա` աշխատունակ անդամներ, հաշմանդամների և կենսաթոշակառուների տարհանում.
զ) տարհանման երթուղի` բնակչության և տեղաբաշխման բնակավայրերը միացնող ճանապարհ (ճանապարհահատված).
է) տարհանման ավտոշարասյուն` տարհանման հավաքակայանից (բնակավայրերից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.
ը) տարհանման հետիոտն շարասյուն` տարհանման հավաքակայանից (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) հետիոտն կազմակերպված խումբ.
թ) տարհանման երկաթուղային շարասյուն` չվացուցակային կամ չվացուցակից դուրս երկաթուղային շարժակազմ, որը նախատեսվում է տարհանվող բնակչությանը տեղափոխելու համար.
ժ) տարհանման պլան` նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) մեկ այլ տարածք բնակչության տարհանման միջոցառումները.
ժա) վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:
-
- Տարհանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:
- Տարհանումն իրականացվում է այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ:
- Անվտանգ տարածքում տարհանվող բնակչության համար որպես ժամանակավոր կացարաններ օգտագործվում են դպրոցները, ակումբները, հյուրանոցները, հանրակացարանները, բնակելի տները` անկախ սեփականության ձևից:
- Նշված ժամանակավոր կացարանների տրամադրումն իրականացվում է հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Բնակչության տարհանում նախատեսվում է`
ա) ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից.
բ) սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած տարածքներից.
գ) երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից.
դ) ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ԱԷԿ) ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում տարհանման սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից.
ե) վտանգավոր թունավոր նյութեր արտադրող կամ արտադրական պրոցեսում դրանք օգտագործող արդյունաբերական օբյեկտներին հարակից վարակավտանգ գոտուց.
զ) ռադիոակտիվ կամ թունավոր նյութերի տրանսպորտային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքից.
է) զենքի տեսակների կիրառման դեպքում մասնակի տարհանում սահմանամերձ, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման բնակավայրերից ու տարածքներից:
II.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
- Բնակչությունը կարող է տարհանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով և ջրային տրանսպորտով:
- Առանձին դեպքերում տարհանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:
- Տարհանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցների կիրառումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
III. ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
- Տարերային, տեխնածին կամ էկոլոգիական աղետների և այլ բնույթի վթարների դեպքում բնակչության տարհանման մասին որոշում ընդունում են համապատասխան մարզպետները (Երևանի քաղաքապետը), համայնքների և օբյեկտի ղեկավարները, իսկ նրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող անձինք: Տարհանման որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին վթարային հակազդման պլաններով սահմանված կարգով տեղեկացնել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող համապատասխան մարմիններին և զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
- ԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում ԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական գործողությունների իրականացման գոտու բնակավայրերի բնակչության տարհանումը կազմակերպվում է ԱԷԿ-ից ստացված ահազանգի հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ 5 կմ շառավղով գոտուց դուրս` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
- Զենքի տեսակների կիրառման դեպքում տարհանման մասին որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում` պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը` իր իրավասության սահմաններում:
Տարհանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է նշել նաև տարհանման ժամկետները (սկիզբը, ավարտը) ձևը (հետիոտն շարասյուներով, տրանսպորտային միջոցներով) և այլն:
IV.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են բնակչության տարհանումն ու տարհանված բնակչության ընդունումը և տեղաբաշխումը:
- Տարհանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարհանման պլաններով:
- Բնակչության տարհանման պլանները մշակում են տարհանման համապատասխան հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տարածքային մարմինների հետ համատեղ:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը սահմանում է տարհանման պլանների կառուցվածքը, պաշտոնատար անձանց պարտականություններն ու համապատասխան փաստաթղթերի ձևերը:
- Բնակավայրերում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարհանման հավաքակայան` մեկ հավաքակայանում 10000 տարհանվողից ոչ ավելի` սպասարկման սկզբունքներով:
- Տարհանման հավաքակայանները ստեղծվում են դպրոցներում կամ նմանատիպ վայրերում, ապահովում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարհանման երթուղիները ճշգրտվում են տարհանման հավաքակայաններում:
- Բնակչության տարհանումն իրականացվում է տարհանման հավաքակայաններից, որտեղ տարհանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարհանվողները:
- Յուրաքանչյուր տարհանվող պարտավոր է`
ա) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.
բ) հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր փոխադրել հրդեհավտանգ ու պայթունավտանգ նյութերը և առարկաները.
գ) տարհանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների և շարասյան պետերի հրահանգներն ու հանձնարարականները:
- Ընդհանուր կամ մասնակի տարհանման դեպքում տարհանվողների տեղափոխումն իրականացվում է անչափահասների, հիվանդների և հաշմանդամների առաջնահերթության սկզբունքով: Հիվանդների և բժշկական հիմնարկների (հիվանդանոցների) բուժանձնակազմի տարհանումն իրականացվում է տեղերից` այդ նպատակով նախապես տրամադրված համապատասխան փոխադրամիջոցներով, շրջանցելով տարհանման հավաքակայանները, որտեղ ներկայացվում է տարհանվողների ցուցակը և ճշտվում են երթուղիները:
V.ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Տարհանման միջոցառումների տրանսպորտային ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և համապատասխան մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ծառայությունների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և դրա կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած հայտի:
- Բնակչության տարհանման համար օգտագործվում են ջրային տրանսպորտ և մարդատար ավտոմեքենաներ (ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ): Անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև թափքավոր և ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ ու ավտոկցորդներ, որոնք նախապես պետք է հարմարեցնել մարդկանց փոխադրելու համար: Տարհանումն իրականացնող տրանսպորտային միջոցներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տված անցագրերով:
- Զինվորական փոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցները չեն օգտագործվում բնակչությանը տարհանելու համար:
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմիններն իրականացնում են տարհանման երթուղիների անցողունակության և տարհանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:
- Տարհանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարհանման երթուղիներում տարհանվողների բուժօգնության միջոցառումներն իրականացվում են տարհանված բժշկական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության մարզային (Երևան քաղաքի) առողջապահական համապատասխան ծառայությունների կողմից, սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տարհանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշմամբ հատկացված տարածքներում (շենքային պայմաններում):