Ֆրանսիայի Վալանս քաղաքում ապրիլի 24-ին քաղաքային իշխանությունները, հայ համայնքը, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:
«Ապրիլի 24-ին մենք, ինչպես ամեն տարի, հավաքվում ենք Վալանս քաղաքում՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Եվս մեկ անգամ, այս պատմությամբ և ցավով լեցուն օրը, մենք համախմբվում ենք նույն լրջությամբ և հուզմունքով՝ մեր քաղաքի հայկական ծագում ունեցող ֆրանսական համայնքի կողքին։ Ամեն տարի խոնարհվում ենք հարգանքով՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի։ Դա զանգվածային հանցագործություն էր՝ ծրագրված և համակարգված կերպով իրագործված, որը երբեք չի կարող արդարացվել կամ ջնջվել մարդկության խղճի և հիշողության միջից։Հպարտ եմ, որ մեր երկիրը՝ Ֆրանսիան, երբեք չի դադարել կատարել այս եղբայրության պարտքը՝ բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ։ Ցեղասպանությունից փրկվածների ընդունումից սկսած մինչև Միսաք և Մելինե Մանուշյանների հուղարկավորումը՝ Ֆրանսիան միշտ էլ պատիվ է բերել իրեն՝ ընտրելով ազատությունն ու մերժելով բարբարոսությունն ու բռնությունը։ Հայ ժողովուրդը շարունակում է ենթարկվել ադրբեջանական ռեժիմի կրկնվող ագրեսիաներին, նրա բռնապետի մշտական սպառնալիքներին, որը փորձում է ջնջել Հայաստանը քարտեզից։ 2023 թվականին՝ Արցախում, ավելի քան 120,000 հայեր հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը՝ մեկ լուռ ողբերգության շրջանակում։
Ազատության այն սկզբունքների անունից, որոնք մեր հասարակության հիմքն են, դեռ ժամանակ կա արդարությունը վերականգնելու և խաղաղության ճանապարհը գտնելու։ Ապրիլի 24-ի ոգեկոչումը նորացված խոստում է Հայաստանին՝ երբեք չմոռանալ, երբեք չհրաժարվել ճշմարտությունից, լռությունից կամ անտարբերությունից»,- նշված է ուղերձում։
Իջևան ու Վալանս քաղաքները քույր քաղաքներ են: Երկու քաղաքների բարեկամությունը ավելի քան 30 տարվա պատմություն ունի։