Տավուշից և Գեղարքունիքից մի խումբ ակտիվ երիտասարդներ որոշել են՝ ժամանակն է մարզային համայնքներում բարձրացնել թվային գրագիտության և կիբեռանվտանգության մասին իրազեկվածությունը։ Նրանք միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «ՍայՀաբ Հայաստան»-ի համատեղ նախաձեռնությանը՝ «Կիբեռանվտանգության ուսուցման ծրագրին»։ Երիտասարդներն անցել են մասնագիտական ուսուցում, ուսումնասիրել կիբեռանվտանգության հիմնական ռիսկերը և մեթոդները, ու հիմա իրենք են դարձել իրենց համայնքների համար կրթական հանդիպումների նախաձեռնողը։ Դպրոցներում, համայնքային կենտրոններում նրանք խոսում են թվային անվտանգության կարևորությունից, կիբեռանվտագության կանոններից։
Հանդիպումների ժամանակ երիտասարդները քննարկում են ինչպես ստեղծել անվտանգ գաղտնաբառեր, ինչ անել, երբ ստանում ես կասկածելի նամակ կամ հղում, ուսումնասիրում թվային տիրույթում անվտանգության ապահովման առանցքային գործիքները։
Տեղեկատվական դարաշրջանում կրթությունն ու անվտանգությունն իրենց տեղը պետք է գտնեն երիտասարդի առօրյայում։ Ուսուցողական հանդիպումը հագեցած էր ինչպես տեսական նյութերով, այնպես էլ գործնական առաջադրանքներով՝ ի նպաստ հաճախակի հանդիպող մեդիահարձակումների և զեղծարարությունների դեմ պայքարին։