Բերդ քաղաքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ սոցիալ-կրթական կենտրոն՝ նախատեսված երեխաների, ծնողների և երիտասարդների համար։ Այն լրացնում է Տավուշի թեմի մյուս՝ «Արևիկ» և «Պապոնց տուն» կենտրոնների շարքը։ Մեծ ծրագրի այս նախագծի նախաձեռնողը «Պահապան» հիմնադրամն է, որը միավորել է մի շարք գործընկերների Բերդում նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Կենտրոնը կունենա ժամանակակից շինություն՝ ապահով միջավայր, որտեղ երեխաները կարող են սովորել, զարգանալ, իսկ մեծահասակները՝ ստանալ սոցիալական աջակցություն ու մասնագիտական գիտելիքներ։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ ու լիազոր դեսպան Յուտակա Աոկին Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց․
«Կենտրոնի ստեղծմամբ մենք բարելավում ենք ենթակառուցվածքները, որոնք մարդկային անվտագության տեսանկյունից կարևոր են: Այս տարածքը կլինի որպես համայնքային կենտրոն՝ բնակչության բոլոր խմբերի համար: Հայաստանում իրականացվող աշխատանքներում կարևորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին, և Բերդը՝ որպես սահմանամերձ գոտի ու տեղահանված բնակչությանն ընդունող համայնք, այս առումով լուրջ կարևորություն ունի: Տավուշի մարզում, և Հայաստանում առհասարակ մենք տարբեր ծրագրեր ունենք. Ջրամատակարարման ցանցի ստեղծում՝ գյուղատնտեսների համար, բժշկական սարքավորումների տրամադրում՝ բուժհաստատությունների, կրթական կենտրոնների վերանորոգում… և նմանատիպ այլ ծրագրեր: Տավուշն անչափ գեղեցիկ է, բայց ամենակարևորը, որ կարող եմ նշել, հյուրասիրությունն ու հյուրընկալությունն է, մարդկանց ջերմությունը, որ ես զգում եմ, լավագույն տպավորությունն է ինձ համար»,- ասաց դեսպանը։
Կառուցվելիք կենտրոնի նպատակը մեկ է՝ համայնքի բնակիչներին տալ գործնական գիտելիքներ ու հնարավորություններ, որոնք կարող են նրանց համար ավելի կայուն ապագա ապահովել։ Այն նախատեսված է տարեկան շուրջ 300 երեխաների ու երիտասարդների համար։
Կրթական ու սոցիալական բաղադրիչներից զատ, կենտրոնը կդառնա մշակութային ու համայնքային միջոցառումների նոր հարթակ։ Այստեղ նախատեսվում են անցկացնել ներառական կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ և համայնքային նախաձեռնություններ՝ բարենպաստ պայմաններում։
Բերդ համայնքի համար սոցիալ-կրթական կենտրոնը փորձ է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են առանց սահմանափակումների սովորել, ծնողները՝ ստանալ անհրաժեշտ աջակցություն, իսկ երիտասարդները՝ գտնել նոր ուղիներ ինքնակատարելագործման ու սոցիալ-տնտեսական կայունության համար։






