Ինչպես է այդքան անհրաժեշտ կրակը դառնում հրդեհ, ինչ պայմաններում է այն բռնկվում ու տարածվում: Ինչպես կարելի է այն կանխել: Ինչ է նշանակում հրդեհային անվտանգություն: Ինչ անել, եթե հրդեհն, այնուամենայնիվ, բռնկվել է, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն, ինչպես տարահանել, ինչպես փրկվել ու փրկել: Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կգտնի այս «արտակարգ» գրքույկի ընթերցողը, կդառնա ավելի իրազեկված, պատրաստված ու պաշտպանված:
Հրդեհից կարելի է խուսափել, զգուշանալ, բայց ոչ երբեք վախենալ: Հիշեք, որ խուճապը երբեմն ավելի մեծ վնաս է հասցնում, քան բուն վտանգը: Դրա համար անհրաժեշտ են տարրական գիտելիքներ ու դրանց հետեւողական կիրառում, մի խոսքով’ անվտանգության մշակույթ:
Այս գրքույկը նրանց համար է, ովքեր ցանկանում են դառնալ «կուլտուրական», ապրել անվտանգ ու անվնաս, լինել խիզախ ու հարեհաս:
Իմ շատ սիրելի տավուշեցի բարեկամ, հանկարծ միանգամյա ընթերցումով չփորձես բաժանվել այս գրքույկից, նրա առանձին հատվածներ կարդա` դասընկերներիդ, հարևաններիդ, հարազատներիդ, ծնողներիդ հետ: Անվտանգության տեսանկյունից նորովի գնահատիր դասասենյակդ, դպրոցդ, բնակարանդ, տունդ, շրջապատդ, ձեր գյուղի տունը, դեզերը, անտառը: Խորհրդակցիր ու կարծիքներ փոխանակիր ուսուցչիդ ու Ձեր դպրոց այցելող հրշեջ-փրկարարի հետ: Սովորածդ կիրառիր կյանքում, դարձրու փորձ ու հմտություն, դարձրու կենսակերպ: Հիշիր. Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված փրկում է իրազեկ-պատրաստվածին: