Նոյեմբերի 11-ին և 13-ին Տավուշ Մեդիայի ստուդիան հյուրընկալեց Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 և թիվ 2 դպրոցների մի խումբ աշակերտների և ուսուցիչների՝ նրանց ծանոթացնելու մեդիայի գործունեության բազմազան ուղղություններին: Ուսումնաճանաչողական այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին սոցիալական մեդիայի անվտանգ և նպատակային օգտագործման, ինչպես նաև կեղծ լուրերը տարբերակելու և ստուգելու մեխանիզմները:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը դպրոցականներին ներկայացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերը՝ անդրադառնալով հաղորդումների պատրաստման, մոնտաժման և եթեր հեռարձակման գործընթացներին: Աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացան տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին։
Այցի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց գաղափարներն ու առաջարկները, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ ՀԸ եթերում:
«Այս փորձառությունը ոգևորիչ էր․ ծանոթացանք հեռուստատեսային աշխատանքի նրբություններին, ու հնարավորություն ունեցանք հասկանալու մեդիայի կարևորությունն ու ազդեցությունը՝ հանրային կյանքում»,- վերջում նշեց աշակերտներից մեկը։