Գյուղում ծնված շատ երեխաներ հաճախ մտածում են հեռանալու մասին։ Բայց կան նաև նրանք, ովքեր որոշում են մնալ ու փոխել միջավայրը՝ իրենց ձեռքերով։ Արսեն Աղաջանյանը 17 տարեկան է։ Ապրում է Տավուշի մարզում՝ Գանձաքարում, և վաղ տարիքից սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու եռաչափ մոդելավորմամբ։ Մեկնակետը գյուղի ռոբոտաշինության խմբակն էր, հետո՝ ինքնուրույն որոնումներ, ինքնակրթություն ու անընդհատ սովորելու ձգտում, փորձեր ու նոր բացահայտումներ։ Հենց այսպես՝ քայլ առ քայլ նրա հետաքրքրությունը վերածվել է գործի։
Շատերը դեռ չգիտեն՝ ինչ է 3D տպագրությունը, ոմանք էլ կարծում են թե տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ նաև մարզում։ Արսենն էլ հենց հակառակն է ուզում ցույց տալ։
«Այստեղ մարդիկ մեծ մասամբ չգիտեն, որ նույնիսկ նման բան գոյություն ունի։ Հասարակ մարդը գալիս է այստեղ ու զարմանում դրանից, դա մի քիչ լավ չի, բայց լավ է այն առումով, որ այստեղ մրցակիցներ չկան, կարող ես գործը զարգացնել։
Այդ պահը դեռևս չի եղել․ ես իմ գործից չեմ բավարարվել երբեք, միշտ ձգտել եմ դեպի էն անհասանելիին, որ միշտ մոտիվացիան լինի։ Միշտ ձգտել ու ձգտում եմ ավելիին»,- նշում է Արսենը։
Հնարավորություններն սկսվում են այնտեղ, որտեղ դու ես։ Համայնքում Արսենը միակն է այս ոլորտում, բայց նա պլանավորում է կիսել գիտելիքները, ունենալ աշակերտներ, ովքեր էլ կլրացնեն ու կշարունակեն նրա ճանապարհը։
«Ցավոք սրտի ներկա պահին մարզում ես միակն եմ, որ էս գործով է զբաղվում, գլուխ հանում, բայց երբ իմ գործն ավելի շատ զարգացում ունենա, ես պլանավորում եմ, ունենալ աշակերտներ, որպեսզի ինձ հաջորդեն»,- հավելում է Արսենը։





