Փետրվարի 4-ին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ մտավորական Ալբերտ Պապյանի «Տավուշի բառաշխարհի բառարան» գրքի շնորհանդեսը։ Խորհրդանշական է, որ միջոցառումը կազմակերպվել էր հենց այն կրթօջախում, որը տարիներ առաջ հիմնադրել էր Ալբերտ Պապյանը․ դպրոց, որտեղ մինչ օրս պահպանվում ու շարունակվում են նրա գաղափարներն ու հիշատակը։
Շնորհանդեսը համախմբել էր գրողի ընկերներին, հարազատներին, նախկին աշակերտներին և բազմաթիվ հյուրերի։
Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Ալբերտ Պապյանի ստեղծագործություններից, ներկայացվեցին ընկերների և աշակերտների հուշապատումները։ Ներկաներին ներկայացվեց նաև գրքի ստեղծման ճանապարհը՝ գաղափարից մինչև իրագործում։
«Տավուշի բառաշխարհի բառարան»-ը կարևոր մշակութային առաքելություն ունի․ այն ամփոփում և պահպանման է արժանացնում Տավուշի բարբառային բառերը, առած-ասացվածքները, դարձվածքներն ու թևավոր խոսքերը՝ փոխանցելով դրանք գալիք սերունդներին։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան։






