Անվտանգ միջավայրի ապահովման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացման նպատակով Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնը Տավուշի մարզում կազմակերպել և անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Միջոցառումների շրջանակներում «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Պառավաքարի Կարեն Մարգարյանի անվան մանկապարտեզում։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անձնակազմի և ներգրավված ուժերի պատրաստվածության մակարդակը հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով առաջացած փլուզման և հրդեհի պայմաններում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ։
Մեկ այլ հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Ոսկեվանի մշակույթի կենտրոնում՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում. պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և դուրսբերում անվտանգ գոտի» թեմայով, որն ուղղված էր պատասխանատու ստորաբաժանումների փոխգործակցության բարելավմանը, արդյունավետ արձագանքմանը, իրավիճակի արագ գնահատման ու ճիշտ գործողությունների մշակման հմտությունների կատարելագործմանը։
Ուսումնավարժություններին ներգրավվել են սահմանամերձ բնակավայրերից շուրջ 100 մասնակից։
Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ և հանդիսանում են կարևոր գործիք արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու ճանապարհին։ Դրանք ոչ միայն զարգացնում են ներգրավված ուժերի գործնական հմտությունները, այլև բարձրացնում են բնակչության իրազեկվածությունը և պատրաստվածությունը՝ ձևավորելով վստահություն անվտանգության համակարգի կայունության և արդյունավետության նկատմամբ։