Դիլիջանի երկրագիտական թանգարանը ապրիլի 26-ին մարդաշատ էր․ Դիլիջանի կենտրոնական դպրոցը կազմակերպել էր Արվեստի նախագծերի ցուցադրություն։ Ցուցադրությանը ներկայացված էին կենտրոնական դպրոցում դասավանդվող կերպարվեստ առարկայի դասապրոցեսի ընթացքում աշակերտների ստեղծած աշխատանքները։
Դիլիջանի կենտրոնական դպրոցի դիզայն նախագծի ուսուցչուհի Հասմիկ Սողոմոնյանը նշում է․ «Արդեն երկու տարի է՝ մեր դպրոցում նախագծային ուսումնառություն է իրականացվում, և արվեստների առարկաների դեպքում երեխաները պետք է իրենք ընտրեն, թե որ առարկան են ուզում ուսումնասիրել։ Կարծում եմ՝ դա ազատ ընտրության հրաշալի հնարավորություն է, և նաև հետագայում իրենց մասնագիտական կողմնորոշման համար նույնպես կարևոր է»։
Աշակերտներն ընտրել էին նախագծման աշխատանքի տարբերակը, այնուհետև՝ թեման և ստեղծագործել այդ շրջանակում։ Ցուցադրությանը ներկա էին ինչպես դիլիջանցիներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր։
Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանն իր հերթին պատմեց մեզ այս ցուցահանդեսին հասնելու մեկամյա ընթացքի մասին․ «Սեպտեմբեր ամսին մենք երեխաներին առաջարկել ենք 5 տարբեր արվեստի ճյուղեր, և երեխաներն իրենք ընտրություն են կատարել, թե արվեստի որ ճյուղով են ուզում զբաղվել այս տարվա ընթացքում։ Խմբերը հավաքագրվել են 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտներից։ Պայմանն այն էր, որ բոլոր աշակերտները պետք է որևէ արվեստի ճյուղ ընտրել։ Աշխատել են գրեթե մեկ տարի, և այսօր իրենց կատարած աշխատանքների ցուցադրությունն է․ ունենք բեմարվեստ, երաժշտական համարներ, ինչպես նաև կերպարվեստ և դիզայն»։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու։