Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Կարմիր էջեր՝ կանաչ ապագայի համար» խորագիրը կրող նախագծային աշխատանքը՝ աշխարհագրություն առարկայի շրջանակում։ Նախագիծը նվիրված էր Տավուշի մարզի Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների պահպանության կարևորությանը։
Ամիսներ շարունակ աշակերտները, ուսուցչի աջակցությամբ, ուսումնասիրել և հետազոտել են Տավուշի մարզի Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհը։ Աշխատանքի ընթացքում նրանք իրականացրել են հարցումներ, հավաքագրել տեղեկություններ և այդ ամենի հիման վրա ստեղծել գիրք, որը ներկայացնում է Տավուշի բնաշխարհը և դրա պահպանության կարևորությունը։ Գիրքը հասանելի է նաև առցանց տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն լսարանի ծանոթանալ կատարված աշխատանքին։
Նախագծի շրջանակում դպրոցականները պատրաստել են նաև տեղեկատու գրքույկ և պաստառ, որոնց միջոցով փորձել են բարձրացնել հանրային իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։
Աշակերտներն իրենց աշխատանքները ներկայացրել են ներկաներին՝ ընդգծելով, որ բնության պահպանության գործում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր փոքր, բայց կարևոր ներդրումը։





