Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում աղքատության, սոցիալական ծառայությունների բյուջետային քաղաքականության վերաբերյալ իրականացված հետազոտությունների արդյունքները դեկտեմբերի 9-ին ներկայացվեցին Տավուշի մարզպետարանում՝ «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսին:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները` նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային կազմակերպությունների` աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Ծրագիրը հետազոտահեն միջամտություն է, որի նպատակն է մեղմել աղքատության պատճառները և հետևանքները Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում: Ծրագիրը նպատակ ունի նաև, հյուսիսային երեք մարզերի համայնքային փորձը հաշվի առնելով, առաջարկել աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումներ ողջ հանրապետության համար:
Ներկայացվող հետազոտությունները կատարված են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» նախագծի շրջանակներում, որի ընտրության ծավալը թույլ է տալիս հանրապետությունում առաջին անգամ կառուցել բազմաչափ աղքատության ինդեքսը համայնքային մակարդակում:
Ծրագիրն իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից:
Դեկտեմբերի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցուցահանդեսը կայանալու է նաև Վանաձորում, Գյումրիում եւ Երևանում։